Գլուխ XIX. Մարդկանց փոխադրումը
150. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պետք է ունենա նաև «D» կամ «DE» կարգերի կամ «D1» կամ «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
151. Մեկնելուց առաջ բեռնատար ավտոմոբիլի վարորդը պետք է ուղևորներին հրահանգավորի նստելու, թափքում տեղավորվելու և իջնելու կարգի, ինչպես նաև ընթացքի ժամանակ նստատեղը չլքելու մասին: Շարժվել կարելի է, միայն համոզվելով, որ ուղևորների անվտանգ փոխադրման պայմաններն ապահովված են:
152. Բեռնատար ավտոմոբիլի թափքում, ինչպես նաև միջքաղաքային, զբոսաշրջության երթուղիներով երթևեկող կամ երեխաների կազմակերպված խմբեր փոխադրող ավտոբուսների սրահում մարդկանց թիվը չպետք է գերազանցի կահավորված նստատեղերի քանակը:
153. Մարդկանց փոխադրումը կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում թույլատրվում է, եթե այն կահավորված է կողի վերին եզրից առնվազն 0,3 մ-ից ցածր և հատակից` 0,3-0,5 մ բարձր ամրացված նստարաններով: Հետևի կամ կողերի երկայնքով ամրացված նստարանները պետք է ունենան ամուր թիկնակներ:
154. Մարդկանց փոխադրելու համար չկահավորված կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլների թափքում երթևեկության ժամանակ թույլատրվում է գտնվել միայն բեռն ուղեկցող կամ այն ստանալու համար մեկնող անձանց` պայմանով, որ նրանք ապահովված են կանոնների 153-րդ կետով նախատեսված ցուցանիշներին համապատասխան տեղադրված նստատեղերով:
155. Երեխաների խմբերի կազմակերպված փոխադրումը պետք է իրականացվի սույն Կանոններին, ինչպես նաև այդպիսի փոխադրումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոններին համապատասխան՝ «Երեխաների փոխադրում» ճանաչման նշաններով կահավորված ավտոբուսով:
156. «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցներ երեխաների նստեցման և իջեցման ժամանակ պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանը: Այդ տրանսպորտային միջոցներին մոտենալիս` վարորդները պետք է նվազեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնել թույլ տալու համար:
157. Վարորդը պետք է դռները փակ պահի մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգնելը, որից հետո միայն հնարավորություն տա ուղևորներին նստել կամ իջնել, իսկ երթևեկությունն սկսի դռները փակելուց հետո:
158. Մարդկանց փոխադրումն արգելվում է`
ավտոմոբիլի (բացի կողավոր թափքով բեռնատար ավտոմոբիլի թափքում և ֆուրգոն թափքում մարդկանց փոխադրելու դեպքերի), տրակտորի, այլ ինքնագնաց մեքենաների խցիկներից դուրս, բեռնատար կցորդում, կցորդ-ամառանոցում, բեռնատար մոտոտրանսպորտային միջոցի թափքում և մոտոցիկլի կառուցվածքով նախատեսված նստատեղերից դուրս.
տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի:
159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով: