Գլուխ XX. Բեռների փոխադրումը
160. Փոխադրվող բեռի զանգվածը և ըստ սռնիների բեռնվածության բաշխումը չպետք է գերազանցեն արտադրող գործարանի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված մեծությունները:
161. Շարժումն սկսելուց առաջ և երթևեկության ընթացքում վարորդը պետք է հսկի բեռի վիճակը, տեղաբաշխումն ու ամրացումը` վայր ընկնելուց և որևէ այլ կերպ երթևեկության խոչընդոտ ստեղծելուց խուսափելու համար:
162. Տրանսպորտային միջոցի առջևի կամ հետևի եզրաչափերից 1մ ավելի կամ կողքից` եզրաչափային լույսի արտաքին եզրից 0,4 մ ավելի դուրս ցցվելու դեպքում օրվա լուսավոր ժամերին բեռը պետք է նշվի «Մեծ եզրաչափերով բեռ» ճանաչման նշանով, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, նաև` առջևից սպիտակ, իսկ հետևից` կարմիր գույնի լապտերիկներով կամ լուսանդրադարձիչով:
163. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ կանոններով են կարգավորվում այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը`
որոնք օգտագործվում են ծանրաքաշ, վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարա փոխադրելու համար.
որոնք շահագործվում են երկու և ավելի կցորդների հետ միասին` ավտոգնացքի կազմում.
որոնց եզրաչափերը (կամ դրանցից որևէ մեկը), բեռով կամ առանց բեռի, գերազանցում են`
ա. ըստ լայնության` 2,55 մ (իզոթերմիկ կամ սառնարանային թափքով տրանսպորտային միջոցների համար՝ 2,6 մ),
բ. ըստ երկարության` 12 մ, իսկ մեկ կցորդով (կիսակցորդով)` 20 մ,
գ. ըստ բարձրության (երթևեկելի մասի մակերևույթից)` 4 մ.
որոնց բեռը դուրս է ցցված հետևի եզրաչափից ավելի քան 2 մ:
164. Բեռի փոխադրումն արգելվում է, եթե այն`
սահմանափակում է վարորդի տեսադաշտը:
դժվարացնում է տրանսպորտային միջոցի ղեկավարումը և թուլացնում կայունությունը:
ծածկում է արտաքին լուսային սարքերն ու լուսանդրադարձիչները, համարանիշերը կամ ճանաչման նշանները, ինչպես նաև խանգարում ձեռքով տրվող ազդանշանների ընկալմանը:
զգալի աղմուկ է հանում, փոշի բարձրացնում կամ աղտոտում ճանապարհն ու շրջակա միջավայրը:
165. Եթե բեռի վիճակն ու դասավորությունը հնարավորություն չեն տալիս կատարել դրա փոխադրումը կանոնների պահանջներին համապատասխան, ապա վարորդը պետք է միջոցներ ձեռնարկի խախտումները վերացնելու համար կամ դադարեցնի հետագա երթևեկությունը: