Անիվների ու դողերի անսարքությունների ու պայմանների ցանկ
Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե՝
1) դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը պակաս է`
ա. 2,0 մմ` ավտոբուսների համար,
բ. 1,6 մմ` թեթև մարդատար ավտոմոբիլների համար,
գ. 1,0 մմ` բեռնատար ավտոմոբիլների համար,
դ. 0,8 մմ` մոտոցիկլների և մոպեդների համար։
Կցորդների դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության նորմերը սահմանվում են որպես քարշակ ծառայող ավտոմոբիլների դողերի նորմերին համապատասխան.
1.1) հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տրանսպորտային միջոցի վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր.
1.2) նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային դողեր.
1.3) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված, երեք գագաթ ունեցող լեռան բարձունքով, ներսում ձյան փաթիլի խորհրդանիշով և դրա հետ համատեղ «Մ+Ս» («M+S»), «Մ և Ս» («M&S»), «ՄՍ» («MS») տառերով մակնշված ձմեռային դողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը (մաշվածության ինդիկատորի բացակայության պայմաններում) նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ կազմում է 4 մմ և պակաս։ Նշված անսարքությունները բացահայտվում են տեխնիկական ախտորոշիչ (դիագնոստիկ) գործիքների միջոցով.
1.4) ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տեղադրված են տրանսպորտային միջոցի ոչ բոլոր անիվների վրա։
2) դողերն ունեն հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ (անցքեր, կտրվածքներ, ճեղքվածքներ), ինչպես նաև հիմնակմախքի շերտաբաժանում, պահպանաշերտի և կողերի շերտատում.
3) անվահեցի կամ անվասկավառակի վրա առկա են ճաքեր, կամ բացակայում է դրանց ամրացման հեղույսներից (մանեկներից) թեկուզ մեկը կամ առկա են դրանց ամրացման անցքերի ձևի և չափերի տեսանելի խախտումներ.
4) դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին.
5) տրանսպորտային միջոցի նույն սռնու վրա տեղադրված են տարբեր չափերի, տարբեր կառուցվածքների, տարբեր մոդելների, պահպանաշերտի տարբեր նախշանկարներով, բութակավորված և չբութակավորված, ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն, նոր և վերականգնված դողեր:
7) 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները և ավտոբուսները 4.9.1 նշանի ազդման գոտում, ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում, երթևեկում են առանց հակասահքային շղթաների։ Հակասահքային շղթաներով պետք է կահավորված լինեն տվյալ տրանսպորտային միջոցների առնվազն երկու տանող անիվները, դրանք պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ լինեն երթևեկության համար։