Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ

«Ավտոգնացք»
կցորդներով բեռնատար ավտոմոբիլների և անվավոր տրակտորների (1.4 տ և բարձր դասի) խցիկների կտուրներին, ինչպես նաև համակցված ավտոբուսների և տրոլեյբուսների թափքի կտուրների առջևի մասում տեղադրված, իրարից 150 - 300 մմ հեռավորությամբ հորիզոնական դասավորված նարնջագույն երեք լապտերիկների տեսքով.

«Արագության սահմանափակում»
երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող, ինչպես նաև վտանգավոր, ծանրաքաշ և մեծ եզրաչափեր ունեցող բեռներ փոխադրող կամ կանոնների 69-րդ և 71-րդ կետերում սահմանված արագություններից տեխնիկական բնութագրով նախատեսված ցածր արագություն ունեցող տրանսպորտային միջոցների թափքի հետևի ձախ կողմում, թույլատրելի արագության նշումով, 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» նշանի տեսքով (տրամագիծը առնվազն 160 մմ, եզրաշերտի լայնությունը տրամագծի 1/10-ի չափով).

«Դանդաղընթաց տրանսպորտային միջոց»
արտադրող գործարանի կողմից սահմանված 30 կմ/ժ առավելագույն արագություն ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում ֆլուորեսցենտային ծածկույթ ունեցող կարմիր գույնի և լուսանդրադարձնող դեղին կամ կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմի երկարությունը 350 - 365 մմ, եզրաշերտի լայնությունը 45 - 48 մմ).

«Երեխաների փոխադրում»
երեխաների խմբերի կազմակերպված փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում 1.23 «Երեխաներ» նշանի վրայի պատկերով, կարմիր գույնի եզրաշերտով դեղին քառակուսու տեսքով (կողմը առնվազն 250 մմ, եզրաշերտի լայնությունը կողմի 1/10-ի չափով).

«Բութակներ»
բութակավորված դողերով մեխանիկական տրանսպորտային միջոցների հետևի մասում՝ գագաթը վեր, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի, հավասարակողմ, «ш» պատկերանշանով եռանկյան տեսքով (կողմի երկարությունը՝ առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը՝ կողմի 1/10-ի չափով).

«Երկարաչափ տրանսպորտային միջոց»
բեռով կամ առանց բեռի 20 մ-ից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների, երկու և ավելի կցորդներով ավտոգնացքների (անկախ երկարությունից) հետևի մասում լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող դեղին գույնի, կարմիր եզրաշերտով ուղղանկյան տեսքով (չափերը ոչ պակաս, քան 1200 x 200 մմ, եզրաշերտի լայնությունը 40 մմ):
Եթե այդպիսի չափեր ունեցող նշանի տեղադրումը հնարավոր չէ, ապա թույլատրվում է տրանսպորտային միջոցի առանցքին սիմետրիկ տեղադրել 600 x 200 մմ-ից ոչ պակաս չափեր ունեցող երկու միանման նշաններ.

«Խուլ վարորդ»
խուլ կամ խուլ ու համր վարորդների կողմից վարվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասում գագաթը ներքև ուղղված երևակայական հավասարակողմ եռանկյան անկյուններում երեք սև փոքր շրջանների պատկերով դեղին շրջանի տեսքով (նշանի տրամագիծը 160 մմ, փոքր շրջաններինը 40 մմ).

«Մեծ եզրաչափերով բեռ»
անկյունագծով իրար հաջորդող կարմիր և սպիտակ գույնի զոլերով, լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող վահանակի տեսքով (չափերը 400 x 400 մմ, զոլերի լայնությունը 50 մմ).

«Վթարային կանգառ»
լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող, գագաթը վերև ուղղված, սպիտակ գույնի, կարմիր եզրաշերտով հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը 450 - 550 մմ, եզրաշերտի լայնությունը 40 - 50 մմ):
Կանոնների 23-րդ կետում նախատեսված դեպքերում այս նշանը կարող է կիրառվել նաև տրանսպորտային միջոցից դուրս.

«Վտանգավոր բեռ»
վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում ուղղանկյան տեսքով չափերը 690 x 300 մմ, որի աջ մասը 400 x 300 մմ նարնջագույն է և երկարությամբ բաժանված է երկու հավասար մասերի, իսկ ձախ մասը սպիտակ, սև եզրաշերտով (լայնությունը 15 մմ): Նշանի վրա կատարվում են բեռի վտանգավոր հատկությունները բնութագրող նշումներ.

«Ուսումնական տրանսպորտային միջոց»
վարման ուսուցման նպատակով օգտագործվող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում սև գույնի «ՈՒ» տառի պատկերով, կարմիր եզրաշերտով, սպիտակ գույնի հավասարակողմ եռանկյան տեսքով (կողմը առնվազն 200 մմ, եզրաշերտի լայնությունը կողմի 1/10-ի չափով): Թույլատրվում է երկկողմ նշանի տեղադրում թեթև մարդատար ավտոմոբիլների կտուրներին:

«Բժիշկ»
բժիշկ-վարորդների կողմից վարվող ավտոմոբիլների առջևի և հետևի մասում, վարորդի ցանկությամբ կարող են տեղադրվել կարմիր խաչի պատկերով, սպիտակ շրջանով ներգծված, կապույտ գույնի քառակուսու տեսքով (կողմը 140 մմ, շրջանի տրամագիծը 125 մմ, խաչի գծիկի լայնությունը 25 մմ, բարձրությունը 90 մմ).

«Հաշմանդամություն ունեցող անձ»
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցների առջևի և հետևի մասերում՝ 8.17՝ «Հաշմանդամություն ունեցող անձինք» նշանի պատկերով, դեղին քառակուսու տեսքով (կողմը՝ 150 մմ):